ՁԻԱՀ

Ձեռքբերովի

Իմունային

Անբավարարության

Համախտանիշ


Ձեր վերաբերմունքը թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ

Այս էջում զետեղված իրական պատմությունները մեկտեղվել են «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների օգնությամբ: Այստեղ փորձ է արվել ամփոփել անտեղյակության ամենավտանգավոր արգասիքը` աղավաղված, ոչ հավաստի տեղեկատվությունը: Ստորև մեկտեղված «Իրական ու հետաքրքիր պատմություններին» ծանոթացել են ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ ու արտահայտել իրենց կարծիքը:

Գուցեև այսօրինակ «բանահյուսության» հետ ծանոթությունն օգնի բոլոր նրանց, ովքեր ուզում են պաշտպանված լինել ու պաշտպանել իրենց մտերիմներին, այդ գործում ընտրելով ամենահուսալի միջոցը` հավաստի տեղեկատվությունն ու խնդրի հետ արդեն բախված մարդկանց փորձը. հատուկ շնորհակալություն համագործակցության ու աջակցության համար «Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կազմակերպությանը:

Րաֆֆի Սահակյան-14 տարեկան
Ես գիտեմ ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները, բայց իմ հասակակիցներից լսել եմ մի պատմություն, որին ականջ են դնում ու հավատում են շատ դպրոցականներ: Այդ պատմությունը մի մարդու մասին է, ով սեռական ճանապարհով վարակվել է ՄԻԱՎ-ով: Հետո իր ծննդյան օրը նրան բոլորը համբուրել են և բոլորը վարակվել են ՄԻԱՎ-ով: Հետո նույն թխվածքից են կերել և բոլորը վարակվել են ՁԻԱՀ-ով:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
Քանի որ մենք քաջատեղյակ ենք փոխանցման ուղիների մասին, մեզ համար ամեն ինչ պարզ է: Պետք է բացատրել մարդկանց, որ ՄԻԱՎ-ը օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակ չէ: Այն մարդու իմունային անբավարարության վիրուսն է, որը քայքայում է մարդու պաշտպանական համակարգը, իսկ ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնական փուլն է: ՄԻԱՎ-ը չի փոխանցվում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հետ նույն սննդից և սպասքից, լողավազանից և լոգարանից, հագուստից և սպիտակեղենից օգտվելիս:

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում համբույրի միջոցով, գրկախառնվելիս: Մարդկանց պետք է տեղեկացնել, որոնք են ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիները: ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել սեռական ճանապարհով, արյան միջոցով և վարակված մորից երեխային՝ հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրելիս:

Անանուն
Ես լսել եմ ՁԻԱՀ-ով հիվանդ մի անբարոյական աղջկա մասին, ով վարակել էր մի տղայի, և այդ տղայի ընկերները նրան քարկոծել էին:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
Ամենավտանգավորն այն է, երբ մարդիկ լսում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին, միանգամից մտածում են, որ դա անբարոյական մարդու հիվանդություն է: Պետք է հստակ իմանալ, որ մարդը պարտադիր չէ որ անբարո լինի, որ ունենա ՄԻԱՎ: ՄԻԱՎ-ով վարակման վտանգին կարող է ենթարկվել մեզնից յուրաքանչյուրը:

Ջեմմա Ադամյան-15 տարեկան
Իմ լսած պատմությունը մի տղայի մասին է, ով թմրամիջոցների օգտագործման պատճառով վարակվել էր ՄԻԱՎ-ով: Նա չգիտեր այդ մասին և անպաշտպան սեռական հարաբերություններ ունեցավ: Դրանից մի քանի տարի հետո իմացավ, որ այդ աղջիկը` իր երբեմնի զուգընկերուհին մահացել է: Գնաց ստուգվելու և իմացավ, որ իրեն մնացել է մի քանի տարվա կյանք:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակիչ հիվանդություն է: Թե որքան տարիների կյանք կունենա ՄԻԱՎ-ով ապրող մարդը՝ պայմանավորված է նրա ապրելակերպից և վարքագծից: Կարևոր է վաղ հայտնաբերումը և կանոնավոր բուժում ստանալը, որն այսօր հասանելի է մեզ համար:

Անուշ Պապոյան-14 տարեկան
Մի անբարոյական կին իմանում է, որ ՁԻԱՀ-ով հիվանդ է և շուտով մեռնելու է: Նա խաբում է 9-րդ դասարանի մի քանի տղայի և նրանց հետ սեռական կապի մեջ է մտնում: Այդ տղաները վարակվում են ՄԻԱՎ-ով: Այսինքն այդ կինը, որ մեռնելու էր, ուզում էր իր հետ տանել նաև մյուսներին:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
Ես այդպիսի պատմություն չէի լսել: Կարծում եմ սա շատ սխալ մտածելակերպ է: Օրինակ ես (ՄԻԱՎ-ով ապրող) չեմ ընդունել առողջ տղամարդու ամուսնության առաջարկը և պատմել եմ նրան ողջ ճշմարտությունը: Մենք չարացած չենք ու չենք էլ փորձում վարակել ուրիշներին: Մենք ուզում ենք, որ մեր հիվանդության պատճառով մեզ մատնացույց չանեն, մենք էլ ենք հասարակության լիիրավ անդամ: Թյուր կարծիք կա, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդը դիտավորյալ (դեսուդեն թքելով, հազալով, փռշտալով) փորձում է վարակել շրջապատի մարդկանց, սակայն ընթերցողին ցանկանում ենք հիշեցնել, որ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով:

Անանուն
Ռուսաստանում ՄԻԱՎ-ով վարակված մի տղա բռնաբարում է 17 տարեկան մի աղջկա և վարակում նրան ՄԻԱՎ-ով: Աղջիկը հայտնվում է հուսահատ վիճակում: Մտերիմները խորհուրդ են տալիս հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ: Հետազոտության արդյունքում պարզվում է, որ ՄԻԱՎ վարակ ունի: Մտածելով թե իր կյանքն արդեն կործանված է` որոշում է վնաս պատճառել արական սեռի ներկայացուցիչներին, վրեժխնդիր լինել իր հետ կատարվածի համար:

Պատահական սեռական կապեր է ունենում և 2 տարվա ընթացքում վարակում է 174 տղայի: Երբ այդ ամենը բացահայտվում է, վարակված տղաներից մի քանիսը որոշում են վրեժ լուծել այդ աղջկանից և քարկոծելով սպանել նրան: Այդպես էլ անում են: Գլխին ստացած բազմաթիվ հարվածների արդյունքում աղջիկը մահանում է:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
Ամեն դեպքում դա անմարդկային է, նույնիսկ եթե աղջիկը սխալ է: Այն որ մարդն ունի ՄԻԱՎ, դեռ չի նշանակում կյանքի ավարտ, ու չեմ կարծում, թե մարդկային է այդպես հաշվեհարդար լինելը: Դժվար է վարակել մարդուն, եթե նա գիտի ինչպես պաշտպանվել: Այդ աղջկան մեղադրելու փոխարեն, թող տղաներն իրենք մտածեին իրենց առողջության մասին և պահպանակ օգտագործեին: ՄԻԱՎ-ով ապրող մարդը շարունակում է ապրել այնպես, ինչպես նախկինում: Կարծում եմ այս պատմությունը շատ անհավանական է:

Լիլիթ Բեյրության-14 տարեկան
Ես լսել եմ մի ՄԻԱՎ վարակակրի մասին, ով ապրում էր ինչպես ասում են` սուսուփուս ու շատ հանգիստ էր վերաբերվում այդ հիվանդությանը: Բայց նրա անձի շուրջ անսպասելիորեն բամբասանքներ են սկսում պտտվել և որոշում են, որ այդ մարդու հետ պետք է չշփվեն: Շուտով նա իմանում է դրա մասին և ընկերներին ասում, որ այն, ինչ նրանք լսել են` սուտ է: Ընկերները հավատում են նրան:

Բայց չգիտես ինչու այդ մարդը չարությամբ է լցվում իր ընկերների նկատմամբ և որոշում է արյան միջոցով վարակել նրանց: Բայց նրան չի հաջողվում` ընկերները հեռանում են, իսկ ինքը` ինքնասպան է լինում:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, այո, ունեն հոգատար վերաբերմունքի, աջակից ու հավատարիմ ընկերների կարիք, ինչպես և յուրքանչյուր մարդ: Լինելով ՄԻԱՎ-ով ապրող մարդ, ես գիտեմ, ինչ է նշանակում, երբ քեզանից երես են թեքում: Բայց հավատացեք, ես չեմ մեղադրում իմ այդ ՙընկերներին՚: Ամեն դեպքում ես ունեմ ընկերներ, ովքեր իմ կողքին են:

Մարիամ 15 տարեկան
«...» գյուղում մի տղամարդ հիվանդ էր ՁԻԱՀ-ով: Նա մեկնել էր Ռուսաստան գումար վաստակելու: Հայաստան վերադառնալուց հետո պարզվել էր, որ նա այնտեղ վարակվել է ՄԻԱՎ-ով: Այդ մարդն ամուսնացած էր, ուներ երեխաներ, ովքեր նույնպես վարակվել էին ՄԻԱՎ-ով: Ընտանիքի հայրն արդեն մահացել է, իսկ կինը և երեխաները հիմա բուժում են ստանում:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
Ես ինքս վարակվել եմ ՌԴ-ում, արտագնա աշխատանքների էի մեկնել: Այդ ժամանակ չգիտեի, որ վարակվել եմ, ու Հայաստան վերադառնալով վարակեցի նաև կնոջս: Եթե այն ժամանակ մտածեի, որ դա կարող էր ինձ հետ պատահել, իհարկե, կպաշտպանվեի: Իսկ եթե ժամանակին իմանայի, որ վարակվել եմ, չէի վտանգի կնոջս առողջությունը: Այսօր շատ երիտասարդներ մեկնում են Հայաստանից, գումար վաստակելու ակնկալիքով, դե իհարկե աղջիկներ, հաճույքներ անպակաս են լինում: Կուզենայի, որ բոլորը տեղեկացված ու պաշտպանված լինեին:

Անանուն
Ռուսաստանում ապրում էր մի կորեացի անբարոյական կին: Վերջին մեկ տարվա ընթացքում սկսել էր նորմալ կյանքով ապրել, հավատացյալ էր դարձել: Նա հղի էր ու ինչպես պարզվել էր հետո, ՁԻԱՀ-ով հիվանդ էր: Բայց, բարեբախտաբար, հղիության և ծննդաբերության ընթացքում վարակը չէր փոխանցվել երեխային: Բժիշկները չէին ուզում նորածնին մորը տալ, որովհետև այդ կինը մտադիր էր երեխային կրծքով կերակրել` անկախ նրան վարակելու ակնհայտ վտանգից:

Այդ կնոջ հետ զրուցում է նաև հոգեբանը, սակայն ստանում է միևնույն պատասխանը` եթե երեխան չի վարակվել հղիության ընթացքում և ծննդաբերության ժամանակ, ապա Աստված թույլ չի տա նաև, որ երեխան վարակվի մայրական կաթի միջոցով: Այդպես էլ լինում է: Այդ կինն իր երեխային կերակրում է կրծքով ու փոքրիկը չի վարակվում: Այժմ մայրը մահացել է, իսկ երեխան 10 տարեկան է:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
Ես հղիության ընթացքում եմ իմացել իմ կարգավիճակի մասին: Հետազոտվելուց հետո ինձ ասացին, որ առողջ երեխա կարող եմ ունենալ, եթե հղիության ընթացքում ընդունեմ հակառետրովիրուսային դեղամիջոցներ, ծննդալուծումը պետք է կեսարյան հատումով կատարվեր, իսկ ծննդաբերությունից հետո կրծքով չպետք է կերակրեի փոքրիկիս:

Ճիշտն ասած, ես այլ կերպ չեմ էլ մտածել գործել, քանի որ ցանկացել եմ չվնասել իմ երեխային: Ինձ համար տարօրինակ է, որ այդ կինը այլ կերպ է վարվել, քանի որ ես վստահ եմ, որ Աստված երբեք չէր դատապարտի այն մարդուն, ով պաշտպանում է իր երեխային, թեկուզ դեղամիջոցների օգնությամբ: Իմ երեխան առողջ է, և ես շատ շնորհակալ եմ բժշկությանը:

Գոհար-13 տարեկան
Այս «ուրախ» պատմությունը ես լսել եմ հեռուստացույցով և անկեղծ ասած ցնցված էի: Երիտասարդ զույգը որոշել էր ամուսնանալ, ընտանիք կազմել: Որոշ ժամանակ անց պարզվել էր, որ կինը հղի է: Պատկերացրեք նրանց ուրախությունն ու ցնծությունը: Հետո ծնվել էր առաջնեկը: Սակայն ուրախությունը երկար չէր տևել` պարզվել էր, որ երեխան հիվանդ է: Դա կապված էր արյան հետ և պետք էր փոխել երեխայի արյունը:

Ծնողներն արել էին այն ամենն ինչ անհրաժեշտ էր երեխային ապաքինելու համար, բայց ամիսներ անց կատարված հետազոտություններից հետո պարզ էր դարձել, որ փոքրիկը վարակված է ՄԻԱՎ-ով: Որքան մեծ էր ծնողների ցավը, չէ՞որ իրենք առողջ էին, երբ պարզվեց, որ փոքրիկին դեղ էին ներարկել արդեն մեկ անգամ օգտագործված ներարկչով: Բժշկի անփութության պատճառով և բախտի քմահաճույքով անմեղ փոքրիկը գերի էր դարձել սատանայական վարակին:

Չէի ցանկանա, որ մեր երեխաները հայտնվեն նման իրավիճակում, թող որ բոլորը լինեն առողջ ու երջանիկ այս աշխարհում` դա իմ մեծագույն երազանքն է: Բայց դե մարդիկ երազում են, Աստված` տնօրինում:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
Ես համաձայն եմ, սա ցավալի պատմություն է: Սակայն երևի ոչ մեկի համար նորություն չի լինի, եթե ասեմ, որ այժմ մեր երկրի բոլոր հիվանդանոցներում օգտագործում են միանգամյա օգտագործման ներարկիչներ: Եթե ամեն մարդ իմանա իր իրավունքները, ապա կարող է բժշկից պահանջել, որ փոխի ներարկիչը, կամ նոր ներարկիչ բացի իր իսկ աչքի առաջ: Թող որ բոլոր բալիկներն առողջ լինեն:

Անի Գրիգորյան-14 տարեկան
Այս պատմությունը տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Մի կին վարակվել էր ՄԻԱՎ-ով: Նա հալածված ու օտարված էր շրջապատի կողմից: Նրա հետ չէին շփվում: Եվ այդ վատ վերաբերմունքի պատճառով ՄԻԱՎ-վարակակիր կնոջ մոտ հակակրանք էր առաջացել շրջապատի նկատմամբ: Նա լավ գիտեր, որ ՄԻԱՎ վարակը տարածվում է մորից երեխային, սեռական ճանապարհով, օգտագործված ասեղների և ներարկիչների միջոցով, ուստի իր օգտագործած ասեղը թողնում է աստիճանի բազրիքին, որպեսզի վարակվեն նաև մյուսները:

Այդպես էլ լինում է: Մեկ այլ կին վարակվում է, և մի օր աստիճանների վրա գտնում է երկտող, որում ասվում էր. «Շնորհավորում եմ, Դուք վարակված եք ՄԻԱՎ-ով»:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
Այո, հնարավոր է ՄԻԱՎ-ով վարակված մարդու օգտագործած ներարկիչն օգտագործելով, կամ այդ ներարկչով վնասվելով վարակվել ՄԻԱՎ-ով: Սակայն կարծում եմ, սա անհավանական պատմություն է այնքանով, որ փողոցում (աստիճաններին) ընկած ներարկիչը օգտագործի այլ մարդ:

Ես ուրախ եմ, որ Անին գիտի ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները և հուսով եմ, ընկերներիդ էլ կփոխանցես, որ փողոցում ընկած ներարկչին չի կարելի ձեռք տալ, այլ կարելի է խնդրել ավելի մեծահասակ մարդու, որ զգուշությամբ վերցնի և գցի աղբարկղը, որպեսզի հանկարծ փոքրիկները, օրինակ` ավազներում խաղալիս, պատահաբար չծակեն իրենց, ու չենթարկվեն վարակման վտանգին:

Նարեկ Ստեփանյան-14 տարեկան
Կար մի ընտանիք, որը ֆինանսական խնդիրներ ուներ, և ընտանիքի հայրը որոշում է գումար վաստակելու համար Ռուսաստան գնալ: Վերադառնում է երկու տարի հետո: Գնում է նոր հեռուստացույց, խաղալիքներ երեխաների համար: Ընկերներին պատմում է, թե ինչ ժամանակ է անցկացրել այնտեղի աղջիկների հետ: Ընկերներից մեկը գիտեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին և հարցնում է Ռուսաստանից վերադարձած ընկերոջը, թե արդյո՞ք նա պաշտպանվել է պատահական կապերի ժամանակ և ստանալով բացասական պատասխան` խնդրում է գնալ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն ու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնել:

Բայց պատմության հերոսն ասում է, թե` «ժամանակ չունեմ»: Անցնում է մեկ-երկու տարի: Նա պատահաբար հեռուստացույցով լսում է «ՄԻԱՎ վարակակիրներից զգուշանալու հայտարարություն»: Դրանից հետո գնում է ստուգվելու, բայց արդեն ուշ էր` նա վարակված էր ՄԻԱՎ-ով:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
ՄԻԱՎ- ով ապրող մարդկանցից զգուշանալ հարկավոր չէ: Ցանկացած մարդ կարող է ունենալ ՄԻԱՎ վարակ և չիմանալ այդ մասին: Եվ սեռավարակներից ու նաև ՄԻԱՎ վարակից զերծ մնալու համար պետք է օգտագործել պահպանակ յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ:

ՄԻԱՎ վարակը ոչ միայն ՄԻԱՎ-ով ապրող մարդու խնդիրն է, այլ նաև առողջ մարդու: Այսինքն, ցանկացած մարդ ինքը պետք է հոգ տանի իր առողջության մասին և պաշտպանի իրեն: Իսկ եթե ունեցել ենք անպաշտպան սեռական հարաբերություններ, խորհուրդ կտայի հետազոտվել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում:

Անժելա Հարությունյան-15 տարեկան
Ես ունեի ընկերուհի, ում մայրը վարակված էր ՄԻԱՎ-ով: Սակայն ընկերուհիս չգիտեր այդ մասին: Նրանք ապրում էին խաղաղ ու երջանիկ: Տարիներ անց մոր մոտ սկսեցին արտահայտվել ՄԻԱՎ-ի ախտանշաններ: Օրեցօր նրա վիճակն ավելի էր վատանում: Ընկերուհիս չգիտեր մոր հիվանդության պատճառը: Իսկ երբ մի օր որոշեց հարցնել` մայրը պատասխանեց. «Երբ մեծանաս` կհասկանաս»: Այժմ ընկերուհիս 18 տարեկան է և ՄԻԱՎ-ի դեմ պայքարի կազմակերպության անդամ: Ու հիմա նա հասկանում է մոր խոսքերի իմաստը:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
Իմ կարծիքով, մայրը ճիշտ է վարվել, որ իր հիվանդության մասին տեղեկացրել է միայն չափահաս դառնալուց հետո: Քանի որ նա ավելի հասուն է և ճիշտ կվերաբերվի այդ փաստին: Դրանով նա նաև պաշտպանել է իր երեխային հոգեկան անհանգստություններից: Ողջունում եմ Ձեր ընկերուհուն, որ աշխատում է նման կազմակերպությունում, քանի որ այդպիսի կազմակերպությունների աշխատակիցների շնորհիվ է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ փորձում են հաղթահարել իրենց վախերն ու անհանգստությունները, կիսվել ու ստանալ խորհրդատվություն: Ծանոթանալ ՄԻԱՎ-ով ապրող այլ մարդկանց հետ և գտնել նոր ընկերներ:

Սիլվա Խաչատրյան-15 տարեկան
Շատերն են ծանոթ ՁԻԱՀ-ին, սակայն մարդկանց մեծամասնությունը չափազանց անիրական է համարում այդ հիվանդությունն իրենց հետ կապելը: Պետք է իմանալ, որ այդ վտանգը սպառնում է մեզանից յուրաքանչյուրին` անկախ սեռից, տարիքից, սեռական կողմնորոշումից և սոցիալական կարգավիճակից: Եվ մենք բոլորս պետք է հավատանք, որ ինչքան էլ տեղեկացված լինենք դրանից, անօգուտ կլինի, եթե մեր իմացածը չդիպչի մեր սրտին և լիովին չգիտակցվի:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
Լիովին համաձայն եմ Ձեր ասածի հետ, միայն կավելացնեմ, որ հաշվի առնելով, որ դա կարող է յուրաքանչյուրիս հետ պատահել, պետք է չխարանել մեր շրջապատում գտնվող ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, այլ ավելի ուշադիր և հոգատար լինել նրանց նկատմամբ: Ես երբ իմացա, որ վարակված եմ, շատ վատ էի, և միայն բժիշկների շնորհիվ էր, որ ոտքի կանգնեցի: Այսօր ես ապրում եմ և չեմ ցանկանում, որ որևիցէ մեկը վարակվի: Այնպես որ, տեղեկացված եղեք:

Անուշ Հոխոյան-15 տարեկան
ՁԻԱՀ-ը 21-րդ դարի ժանտախտն է: Շատ հաճախ դրանով հիվանդ մարդիկ հալածվում են, չեն ընդունվում հասարակության կողմից, և դա խանգարում, ախտահարում է նրանց հոգեկան աշխարհը: Այդ ճնշման տակ մարդիկ շատ հաճախ վնասում են կամ իրենք իրենց կամ շրջապատող մարդկանց: Դա կարող է միայն մեկ բանի հետևանք լինել` անտեղյակության: Եթե յուրաքանչյուրը տեղյակ լինի ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների մասին և աջակցի արդեն վարակված մարդկանց` մենք կօգնենք ինքներս մեզ:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
Այո, ես համաձայն եմ այս կարծիքի հետ: Ուրախ եմ, որ մեր երիտասարդները այդպիսի կարծիք ունեն:

Անանուն
(Պատմության հերոսուհու անունը փոխված է)
«...» քաղաքի բնակչուհի Սիրանուշը ՄԻԱՎ վարակակիր է: Իր անբարոյական վարքի պատճառով է նա ստացել այդ կարգավիճակը: Ճիշտ է, սկզբում փորձում էր թաքցնել, որ ՄԻԱՎ վարակակիր է` վախենալով հասարակության քննադատությունից, բայց գաղտնիքը շուտով հայտնի դարձավ բոլոր հարևաններին: Հարևաններից և ոչ մեկը չէր ջանում նույնիսկ թաքցնել զզվանքն ու նողկանքը Սիրանուշի նկատմամբ: Իսկ Սիրանուշին մնում էր միայն փակվել սենյակում և սպասել իր վերջին:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
Շատ կարևոր է հասկանալ, որ ՄԻԱՎ-ով վարակվելու համար պարտադիր չէ անբարո կյանք վարել: ՄԻԱՎ-ով ապրող կանանցից շատերը, այդ թվում և ես, վարակվել են իրենց ամուսիններից` հավատարիմ լինելով նրանց: Չլինելով տեղեկացված և չհետազոտվելով՝ նրանք վարակել են իրենց հավատարիմ կանանց: Կարծում եմ, որ անկախ այն բանից, թե ինչ վարք է վարում Սիրանուշը, նա կարեկցանքի կարիք ունի:

Միգուցե ծանր սոցիալական պայմաններն են դրդել նրան այդպիսի կյանք վարել: Եթե դուք գիտեք այդ աղջկան, ասացեք նրան, որ կան կազմակերպություններ, որոնք, միգուցե, կարողանան օգնել նրան: Եվ մի բան էլ կուզենայի ավելացնել, եթե չլինի առաջարկ, չի լինի նաև պահանջարկ: Բայց ամեն դեպքում տղամարդկանց նկատմամբ նողկանք ու զզվանք չի առաջանում...

Աստղիկ Ղազարյան-15 տարեկան
Վերջերս հեռուստատեսությամբ հրապարակված դեպքն ինձ խորապես հուզել էր: Մի քանի երեխաների դոնորական արյուն էին ներարկել: Հետո պարզվել էր, դոնորները ՄԻԱՎ վարակակիրներ են եղել: Խեղճ երեխաներ, ինչ դաժան ճակատագրի արժանացան: Ատամնաբուժարանի աշխատողներից մեկն էլ, իր անփութության պատճառով ՁԻԱՀ-ով հիվանդ այցելուից վարակվել էր:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
Կիսում եմ Ձեր հույզերը: Ես գիտեմ, որ հիմա շատ մեծ ուշադրություն են դարձնում դոնորական արյանը: Շատ սխալ է, որ բժիշկների անտարբերության հետևանքով տուժել են երեխաները: Շատ հավանական է, որ դոնորները իրենք էլ չեն իմացել իրենց կարգավիճակի մասին: Բայց ես գիտեմ, որ ՀՀ-ում դոնորական արյունը 100%-ով հետազոտվում է: Ինչ վերաբերվում է ատամնաբույժին, ապա նա բոլոր այցելուներին պետք է դիտարկի որպես ՄԻԱՎ վարակ ունեցողներ և ձեռնարկի անվտանգության բոլոր միջոները, չէ որ նրանք հատուկ պատրաստվում են և գիտեն, թե ինչպես է դա արվում:

Մանավանդ, որ մարդն ինքն էլ կարող է չիմանալ, որ վարակված է: Ես ինքս բժշկին զգուշացնում եմ, որ հեպատիտ ունեմ, որ նա զգույշ լինի, բայց չեմ ասում, որ վարակված եմ ՄԻԱՎ-ով, քանի որ այդ դեպքում նա ինձ չի ընդունի: Ես կցանկանայի, որ գա մի ժամանակ, երբ հասարակությունը կկարողանա հանգիստ վերաբերվել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց:

Լաուրա Լալազարյան-14 տարեկան
ՁԻԱՀ-ով հիվանդ անբարոյական մի աղջիկ սեռական հարաբերություններ է ունենում 2 տղայի հետ: Ավելի ուշ պարզվում է, որ նա վարակել է այդ տղաներին: Տղաները բենզին են լցնում այդ աղջկա վրա և հրկիզում են նրան: Այդպես այդ աղջիկը մահանում է:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
ՄԻԱՎ-ով չվարակվելու համար, հարկավոր է իմանալ փոխանցման ուղիները, և պաշտպանվելու միջոցները: Այս մասին պետք է հիշեն հատկապես ՄԻԱՎ բացասական կարգավիճակով մարդիկ: Եվ պետք չէ մեղադրել ոչ մեկին: Մեղավոր էին նախ և առաջ հենց այդ տղաները, որոնք իմանալով, որ աղջիկը այդպիսի վարք ունի, չեն պաշտպանել իրենց առողջությունը: Մարդուց վրեժխնդիր լինելով ոչ մի լավ բանի չես հասնի: Մեղավորին պետք է նախ ինքդ քո մեջ փնտրես:

Անանուն
Մարմնավաճառությամբ զբաղվող մի երիտասարդ կին տեղեկանում է ՄԻԱՎ վարակի մասին և որոշում է ստուգվել: Ստուգման արդյունքում պարզվում է, որ նա ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունի, այսինքն` վարակակիր է: Հետո նա այնքան է զայրանում ու չարանում մադկանց վրա, որ սկսում է 200 դրամով անպաշտպան սեռական հարաբերություններ ունենալ երիտասարդ տղաների և երեխաների հետ` նրանց միտումնավոր վարակելու նպատակով ու շատերին վարակում է: Քանի որ նա հիվանդ էր, ուզում էր, որ բոլորն իր նման լինեն:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
Նախ չի կարելի պիտակավորել մարդուն` ինչպիսին էլ, որ նա լինի: Վարքային դրսևորումները խիստ անհատական են և մի կնոջ այդքան էլ ոչ հավանական վարքագիծը չի կարելի տարածել բոլորի վրա և մտածել, որ ՄԻԱՎ-ով վարակված ցանկացած մարդ կվարվեր նման կերպ: Յուրաքանչյուրը, ով դիմում է սեռական ծառայություններ տրամադրող կնոջ, պետք է իմանա, որ պարտադիր է պահպանակների օգտագործումը: Ես ինքս ապրում եմ ՄԻԱՎ-ով արդեն 12 տարի, սակայն չէի ուզենա, որ որևէ մեկն ինձ նման վարակված լիներ:

Աստղիկ Գրիգորյան-15 տարեկան
Ընկերներիցս մեկն ինձ պատմեց ՄԻԱՎ-ով վարակվելու մի դեպքի մասին: Ես նախապես անուններ հորինեցի այդ պատմության հերոսների համար: Ահա այն. Լիլիթն ու Էդգարը ծանոթացան օտար լեզվի պարապմունքների ժամանակ և ընկերացան: Սովորական ընկերությունը տևեց մի քանի ամիս: Հետո ամեն ինչ ավելի լրջացավ և մի օր պարապմունքին փոխարինեց ռոմանտիկ հանդիպումը հյուրանոցում:

Նրանք այն կարծիքին էին, որ մինչ ամուսնությունը սեռական հարաբերություններ ունենալն այնքան էլ վտանգավոր չէ և իրենից որևէ խնդիր չի ներկայացնում: Եվ ... այդ օրվանից հետո լուր չկար տղայից: Աղջկա մոտ առաջացան առողջական և հոգեկան լուրջ խնդիրներ: Այնուհետև, նա լրատվամիջոցներից տեղեկացավ ՄԻԱՎ կոչվող վարակի մասին և որոշեց հետազոտվել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում: Հետազոտման արդյունքում հայտնաբերվեց ՄԻԱՎ վարակը: Նրա կյանքը կործանվեց և դա տեղի ունեցավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ սեռավարակների մասին գիտելիքների պակասի պատճառով:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
Եթե մինչ ամուսնանալը զույգերը որոշում են սեռական հարաբերություն ունենալ, ապա պետք է պահպանակ օգտագործել, քանի որ այդկերպ կարելի է խուսափել ինչպես ՄԻԱՎ ու այլ սեռավարակներ ձեռք բերելուց, այնպես էլ անցանկալի հղիությունից: Իսկ ինչ վերաբերվում է ՙկյանքի կործանմանը՚, ապա դա այդպես չէ: Այսօր գոյություն ունեն կազմակերպություններ, որոնք աշխատում են թեթևացնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հոգսերը, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ ևս աշխատում են այդպիսի կազմակերպություններում: Այդ կազմակերպություններում ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ կարող են տեղեկանալ իրենց իրավունքների մասին:

Սարգիս Յալտարյան-14 տարեկան
Ես ծնվել եմ Դոնի-Ռոստով քաղաքում, որտեղ ապրում են բազմաթիվ ազգություններ: Միշտ հիշում եմ, թե ծնողներս ինչպես էին պատասխանում մեր հարցերին, երբ հետաքրքրվում էինք ընտանիքում տեղի ունեցող` մեզ համար անհասկանալի երևույթներով: Բացատրում էին, թե ինչպես պետք է հետևել անձնական հիգիենայի կանոններին: Այդ ժամանակ ես փոքր էի ու շատ բաներ չէի հասկանում:

Իսկ հիմա արդեն հասկանում եմ, և լավ հիշում եմ մի պատմություն` մեզ ծանոթ ռուս ընտանիքի կյանքից: Այդ ընտանիքի հայրը սիրուհի ուներ: Երկար ժամանակ չէր իմացել, որ ՁԻԱՀ-ով հիվանդ է: Ստուգումներից հետո պարզվել էր, որ վարակակիր է ոչ միայն ինքը, այլ նաև իր կինը: Սա շատ տխուր պատմություն է` ոչ միայն տխուր, այլ նաև դժբախտ, որի հետևանքով տուժվեցին նրանց երեխաները, ովքեր պետք է մեծանային այդ ցավի հետ:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
Դժբախտաբար այսպիսի դեպքեր հաճախ են լինում, երբ անպաշտպան սեռական հարաբերությունները բերում են նրան, որ տուժվում են ոչ միայն այն անձինք, ովքեր անփութորեն են վերաբերվել իրենց առողջությանը և չեն օգտագործել պահպանակ, այլ նաև նրանց հավատարիմ կանայք, այդ թվում և ես: Պահպանակի օգտագործումը շատ կարևոր է, քանի որ անգամ մեկ չպաշտպանված հարաբերությունն էլ կարող է ճակատագրական լինել: Շատ ցավալի է, իհարկե, որ ծնողները հիվանդ են, բայց չարժե մեղադրել ոչ մեկի, այլ պետք է հոգատար լինել ծնողների հանդեպ:

Հայկ Մկրտչյան 15-տարեկան
(Պատմության հերոսի անունը փոխված է)
Ես լսել եմ պատմություն ՄԻԱՎ-ով ապրող մի տղայի` Վահագնի մասին: Վահագնը հույս ունի, որ կգա մի օր, երբ ինչպես ինքն է ասում` 4 հաբ կխմի ու կբուժվի: Նա 25 տարեկան է: Ահա թե ինչ է նա ինձ պատմել իր մասին.

«22 տարեկան ջահել տղա էի, բանակից նոր էի եկել, գնացի Ռուսաստան: Այնտեղ մի աղջկա հետ ծանոթացա: Դե գիտեք ոնց է Ռուսաստանում: Ես ինչ իմանայի, որ դա ճակատագրական կլինի: Մի անգամ սափրվելիս դեմքիս վրա պզուկ առաջացավ ու չէր անցնում: Գնացի մաշկաբանի մոտ, իսկ նա ինձ ուղարկեց ՄԻԱՎ-ի ախտորոշման լաբորատորիա: Երբ բժիշկը հայտնեց, որ վարակված եմ, սթրես ունեցա: Դուրս եկա լաբորատորիայից ու չգիտեի` տուն գնա՞մ, թե՞` ոչ: Վախենում էի տնեցիներին վարակել: Բայց հետո հիշեցի, որ բժիշկը հրաժեշտ տալիս ձեռքս սեղմեց և հաջողություն մաղթեց, այսինքն` շփվելիս վարակը չի փոխանցվում:

Գնացի տուն, մորս պատմեցի և ասացի, որ իմ հիվանդությունը բուժվող է: Նրան պատրաստել էր պետք: Ես երկար տարիներ զբաղվել էի սպորտով, երբեք չէի հիվանդացել ու հիմա գիտեմ, որ շուտով մեռնելու եմ: Ընկերներով շատ հաճախ հավաքվում էինք, նրանք աղջիկների էին հրավիրում ու միշտ զարմանում էին, երբ ոչ մեկին չէի ընտրում: Չէր կարելի այդ աղջկան «օգտագործել» ու հետո ասել, թե ՄԻԱՎ-ով եմ վարակված:

Մի անգամ այնքան սիրուն աղջկա հետ էի ծանոթացել, որ ուրիշ անգամ տարիներով հետևից կընկնեի, բայց ՄԻԱՎ դրական կարգավիճակիս մասին իմանալուց հետո հայացքս թեքում էի, որ հանկարծ չսիրահարվեմ: Ես շատ եմ սիրում երեխաներ: Բանակից հետո, եթե Ռուսաստան չգնայի, հիմա իմ երեխան դպրոցահասակ կլիներ: Ես ոչ մի դեղ չեմ ընդունում, չեմ ուզում մնացած կյանքս դեղերի հետ ապրել: Բայց հույս ունեմ, որ մի օր կբուժվեմ այս հիվանդությունից»:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
Այսօր բուժում գոյություն ունի և ՄԻԱՎ-ով ապրող մարդու կյանքը հակառետրովիրուսային դեղերի շնորհիվ ավելի երկարում է: Աստված գիտե, թե մարդ ինչքան կարող է ապրել, սակայն այս դեղահաբերը թույլ են տալիս շարունակել կյանքն այնպես, ինչպես մինչև ՄԻԱՎ-ի հայտնաբերումն էր: Այսինքն՝ աշխատել, ունենալ ընտանիք, կին կամ ամուսին, առողջ երեխաներ և ապագա: Հավատում եմ, որ կգա ժամանակ, երբ այս հիվանդությունը վերջնական բուժում կունենա:

Բայց մինչ այդ, պետք է հետևողական լինել սեփական առողջության նկատմամբ՝ լինելով բժշկի հսկողության տակ: Ես ապրում եմ ՄԻԱՎ-ով, իսկ իմ սիրելին, որ այժմ իմ կինն է, հիվանդ չէ և մենք ունենք առողջ երեխա: Այն ժամանակ, ինձ շատ օգնեցին այս ոլորտում աշխատող կազմակերպությունները` շատ օգնեցին մեր ընտանիքի կազմավորման հարցում: Երկուսս էլ ունեինք բազմաթիվ հարցեր, ու թեև կինս ասում էր, որ իրեն ոչինչ չի հետաքրքրում, ես շատ անհանգիստ էի:

Մեր հարցերի պատասխանները գտանք նմանատիպ կազմակերպությունում: Ես այդ տղային խորհուրդ կտայի նաև տեղեկանալ, և եթե իր շրջապատում կան կազմակերպություններ, անպայման դիմել նրանց: Ես ունեմ ՄԻԱՎ-ով ապրող ընկեր, որ ամուսնացել է ՄԻԱՎ-ով ապրող աղջկա հետ, ում հետ ծանոթացել է այդ կազմակերպությունում: Նրանք ևս առողջ երեխա ունեն, դա էլ արդեն մեր բժիշկների և բժշկության շնորհիվ:

Հայկ Սիմոնյան-14 տարեկան
Մի երիտասարդ աղջիկ ամուսնանում է ՁԻԱՀ-ով հիվանդ տղայի հետ: Տղան ամեն ինչ թաքցրել էր իր կնոջից: Մեկ տարի անց նրանք երեխա են ունենում: Փոքրիկը, բնականաբար, վարակակիր էր, բայց այդ մասին չէր էլ կասկածում նրա մայրը, ով նույնպես վարակվել էր: Մի քանի տարի անց փոքրիկը մահանում է և գաղտնիքը ջրի երես է դուրս գալիս: Նորակազմ ընտանիքը քանդվում է այդ անբուժելի ու վտանգավոր հիվանդության պատճառով:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
Ցավալի է, երբ ՄԻԱՎ-ով վարակված մարդը չի ասում զուգընկերոջն իր խնդրի մասին: Դա կփոխեր այս պատմության ընթացքը` երեխան կծնվեր առողջ, իսկ ծնողները, ստանալով համապատասխան բուժում, կունենային ընտանեկան երկար կյանք:
Ավելի շատ հանդիպում են այնպիսի մարդիկ, ովքեր ցանկանում են կառուցել իրենց ապագա ընտանիքն ազնվության հիմքի վրա՝ ամուսնանալ նույն խնդիրը կրողի հետ:

Աննա Թումանյան - 14 տարեկան
ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ նույնպես ունեն ջերմության կարիք: Նրանք էլ են ուզում շփվել տարբեր մարդկանց հետ: Բայց ոմանք չեն շփվում նրանց հետ` մտածելով, թե շփվելու դեպքում անպայման կվարակվեն: Ուրեմն նրանք չունեն բավարար գիտելիքներ ՄԻԱՎ-ի մասին: Ես ընկերություն կանեի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հետ, հոգ կտանեի նրանց մասին, որպեսզի նրանք վատ չզգան և չմտածեն իրենց հիվանդության մասին: Օրինակ` իմ շրջապատում կան ՄԻԱՎ-ով ապրող ամուսիններ, և ոչ ոք նրանց վատ չի վերաբերվում: Նրանց հետ շփվում են սովորականի պես: Նրանք, իմ կարծիքով, իրենց երբեք մեկուսացված չեն զգացել:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
Շատ ողջունելի է Ձեր կարծիքը, գիտելիքը և վերաբերմունքը ՄԻԱՎ-ի և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ: Շատ ցանկալի կլիներ, որ հասարակության բոլոր անդամները այդպես վերաբերվեին այն մարդկանց, ովքեր ջերմության կարիք ունեն, և հավաստիացնում եմ, որ սոցիալական կարիքներն այդքան կարևոր չեն, որքան մարդկանց վերաբերմունքն ու փոխհարաբերությունները միմյանց նկատմամբ: Ուրախ եմ, որ դուք այս տարիքում գիտակցում եք հարցի կարևորությունը: Շնորհակալ եմ Ձեր մեծահոգության համար:

Մոնիկա Իսահակյան-15 տարեկան
ՁԻԱՀ-ով հիվանդները չար աչքերով են նայում աշխարհին, քանի որ մարդիկ տեղեկացված չլինելով հիվանդության մասին` խուսափում են նրանց հետ շփվելուց, սկսում են նրանց արհամարել: Սակայն մարդիկ այդպես են վերաբերվում նաև ցանկացած մեկին, ով ինչ որ մի ֆիզիկական` թեկուզ թեթև արտահայտված արատ ունի: Այդպես են վարվում հիմնականում երեխաները, պատանիները, քանի որ նրանք չեն գիտակցում, թե ինչ հարված են հասցնում դիմացինին: Արդյունքում մարդը դառնում է չար և նրա մոտ ծագում է մարդկանցից վրեժխնդիր լինելու ցանկությունը: Այդպիսի օրինակներ շատ կան:

Ենթադրենք, մեկի քիթը ծուռ է, մյուսինը` մեծ, մեկը լավ չի տեսնում, իսկ մյուսն էլ կակազում է: Սրանք շատ թեթև արատներ են, սակայն դրանք ունեցողների համար շրջապատի ընդգծված բացասական վերաբերմունքը չափազանց վիրավորական է: Այս ամենն անտեղյակության հետևանք է: Հուսով եմ, որ մարդիկ մի փոքր մտածելով ու գիտակցելով ամեն ինչ` կգտնեն իրենց համար ճիշտ ուղի և կապրեն համերաշխ:
ՄԻԱՎ-ով ապրող մարդու կարծիք
Այն, որ հասարակությունը հեռացնում կամ մերժում է իրենից տարբերվողներին, թույլերին, բոլորին է հայտի: Խնդիրն այն է, որ դա մարդու էությունն է՝ քննադատել, ծաղրել դիմացինի թերությունները՝ չնկատելով իր անձնականը: Այսինքն՝ մարդիկ հակված են խարանի և խտրականության ենթարկել հասարակության կարեկցանքի կարիքն ունեցող անդամներին: ՄԻԱՎ-ով ապրող մարդը ոչ թե չարանում, այլ խուսափում է հանդիպել խարանի և խտրականության և չի ուզում բացահայտել իր կարգավիճակը:



Հայաստանում կգործի շարժական կլինիկա

2014-05-13

komaz.jpgԱյն շուտով կհասնի Հայաստան և մայիսի վերջում կսկսի գործել` բժշկական ծառայությունները մոտեցնելով բոլոր նրանց, ովքեր չեն կարող ինքնուրույն հասնել հիվանդանոց կամ մոտակա բուժկետ:

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանս

2014-05-12

logo.jpgՄայիսի 12-ին, Մոսկվայում մեկնարկեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսը:

Նոյեմբեր
2017

Երկ
Երք
Չոր
Հին
Ուրբ
Շաբ
Կիր

30
31
1
2
3
4
5

6
7
8
9
10
11
12

13
14
15
16
17
18
19

20
21
22
23
24
25
26

27
28
29
30
1
2
3