ՁԻԱՀ

Ձեռքբերովի

Իմունային

Անբավարարության

Համախտանիշ


Ձեր վերաբերմունքը թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ

«Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցումը ՀՀ ուսումնական հաստատություններում

Համահեղինակներ`
Ասատրյան Լ. Վ. Կարապետյան Զ.Մ.
«ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ

Իրավիճակը - Վերջին տասնամյակում նախկին Խորհրդային Միության տարածքում նկատվում է դեռահասների շրջանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, ալկոհոլամոլության և թմրամոլության կտրուկ աճ: Դա էլ նպաստում է ՄԻԱՎ վարակի արագ տարածմանը: Անցած 2,5 տարվա ընթացքում մեր հանրապետությունում ավելի շատ ՄԻԱՎ վարակակիրներ են գրանցվել, քան նախորդ 10 տարիների ընթացքում: Առողջապահական կրթությունը նոր է ներմուծվել հանրապետության դպրոցների ուսումնական ծրագիր:
Դեռահասներն առողջապահական հարցերի մասին անհրաժեշտ տեղեկատվության մեծ մասը ստանում են ֆիլմերից, փողոցից, հասակակիցներից, զանգվածային լրատվամիջոցներից, շատ քիչ դեպքերում՝ ընտանիքի անդամներից ու դպրոցից: 2004թ. հունվար ամսից Հայաստանի Հանրապետությունում ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Աջակցություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի» շրջանակներում իրականացվում է ««Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցում երիտասարդների շրջանում» ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը և բարձրացնել նրանց ներուժը համաճարակի դեմ պայքարում:

Մեթոդը - «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցումը հավասարի հետ «միևնույն լեզվով» խոսելու, նրան հասկանալու, աջակցելու, նեցուկ լինելու ունակություններ ու հմտություններ ունենալն ու դրանք գործնականում կիրառելն է: «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցումն աշխատանք է այն խմբում, որի մասնակիցները գտնվում են մյուսի նկատմամբ հավասար դիրքերում, այսինքն` պատկանում են միևնույն սոցիալական կամ տարիքային խմբին:

«Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման նպատակն է բարձրացնել ուսուցանվող խմբերի շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռավարակների և թմրամոլության մասին գիտելիքների մակարդակը, զարգացնել նրանց ներուժը համաճարակի կանխարգելման դեմ պայքարի գործում: Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ տեղեկատվությունը, որը տարածվում է որոշակի խմբում նույն խմբի ներկայացուցչի կողմից և այդ խմբի «լեզվով», ընկալվում է որպես առավել արժանահավատ և ընդունելի:

Պետք է նշել, որ վարժանքներ անցած և համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերած մեկ դեռահասն իր գիտելիքները տարածում է 50-70 հոգու շրջանում: «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման ընթացքում կիրառվում են բազմաթիվ հետաքրքրաշարժ ու զվարճալի վարժություններ, տեսաժապավեններ, դերային խաղեր, իրավիճակային խնդիրներ:

Արդյունքների նկարագրություն - 2002թ. սկսած, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ-ն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռավարակների և թմրամոլության կանխարգելմանն ուղղված ուսումնական վարժանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Կապան, Գորիս և Քաջարան քաղաքների, իսկ 2003թ. սկսած, նաև Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի դպրոցականների և ուսուցիչների շրջանում:

Դասընթացների արդյունավետության գնահատումից հետո, 2004թ. կազմակերպությունն իրականացնում է «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցում Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի երիտասարդության շրջանում: Իրականացվող աշխատանքների նպատակն էր նվազեցնել երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը և բարձրացնել նրանց ներուժը համաճարակի դեմ պայքարում: Այդ գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստեցին նախապատրաստական մի շարք աշխատանքներ:

Կլոր սեղան հանդիպումներ ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ
Կլոր սեղան հանդիպումների ժամանակ դպրոցների ղեկավարներին ներկայացվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին վերաբերող իրավիճակն աշխարհում և Հայաստանում: Տեղեկատվությունը և վիճակագրական մտահոգիչ տվյալները հիմք են հանդիսանում, որպեսզի մասնակիցները կարևորեն իրենց դերը վարակի կանխարգելման գործում: Նախկին աշխատանքային փորձը համոզիչ գործոն է և վստահելի նախապայման` իրականացվելիք միջոցառումներին աջակցելու համար:

Դպրոցականների և ուսանողների շրջանում ոչ ֆորմալ լիդերների ընտրության հարցումներ և անհատական հարցազրույցներ
Աշխատանքների շարունակականությունն ու արդյունավետությունն ապահովելու համար կարևոր է մասնակիցների ճիշտ ընտրությունը: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ աշակերտներն իրենք են ընտրություն կատարում: Այդ նպատակով ընտրված դպրոցների 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների շրջանում բաժանվում են ոչ ֆորմալ լիդերների (աշակերտներ, ովքեր հարգանք և հեղինակություն են վայելում իրենց համադասարանցիների շրջանում) ընտրության համար մշակված անանուն հարցաթերթիկներ:

Հարցաթերթիկների վերլուծության արդյունքում յուրաքանչյուր դասարանից ընտրվում են առավել շատ ձայներ ստացած մի քանի աշակերտներ, որոնց հետ անցկացվում են անհատական հարցազրույցներ, և կատարվում է վերջնական ընտրություն: Հարցազրույցը նպատակ ունի պարզելու աշակերտի խնդրին տեղեկացվածության մակարդակը և լրացուցիչ գիտելիքներ ստանալու ցանկությունը: Կարևոր նախապայման է նաև, որ ընտրված աշակերտը լինի հանդուրժող, ունենա արդյունավետ հաղորդակցվելու, արագ կողմնորոշվելու և համագործակցելու հմտություններ:

Ծնողական ժողովներ
Դպրոցի տնօրինությունը աշխատանքների իրականցման մասին տեղեկացնում է 8-րդ և 9-րդ դասարանների դասղեկներին, որոնք էլ ծնողական ժողովներ են հրավիրում: Ժողովները նպատակ ունեն համապատասխան դասարանների աշակերտների ծնողներին տեղեկացնել «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման խնդիրների և իրականացվող աշխատանքների մասին, պատասխանել նրանց մոտ ծագած հարցերին ու փարատել հնարավոր կասկածները` հայցելով նրանց աջակցությունը:

Դպրոցականների և ուսանողների շրջանում «Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանքներ
«Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ պատրաստելու համար իրականացվել են հնգօրյա վարժանքներ, որոնք անցկացվում են ինտերակտիվ ուսուցման (փոխներգործուն) մեթոդով: Այս մեթոդը վարժանքի մասնակիցներին սովորելու և սովորեցնելու դինամիկ գործընթացի մեջ ակտիվորեն ընդգրկվելու հնարավորություն է տալիս: Ուսուցման այս մեթոդի հիմնական սկզբունքը բարենպաստ, անկաշկանդ և անկեղծ մթնոլորտի ստեղծումն է, ինչը նպաստում է տրամադրվող նյութի դյուրին ընկալմանը:

«Հավասարը` հավասարին» մեթոդով վարժանքներին մասնակցել են Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի համայնքների միջնակարգ դպրոցների դեռահասներ և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող երիտասարդներ: Կրթական-տեղեկատվական բնույթ կրող այդ վարժանքների նպատակն է ամրապնդել դեռահասների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարը, բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռավարակների և թմրամոլության կանխարգելման մասին գիտելիքների մակարդակը, նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգը, ձևավորել սեփական առողջությանն ուղղված պատասխանատու վարքագիծ և հանդուրժող, փոխաջակից վերաբերմունք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց նկատմամբ:

Աշխատանքների իրականացման ընթացքում երբեմն հանդիպել են խոչընդոտներ: Պատճառն ուսումնական հաստատությունների ղեկավարների, ուսուցչական կազմի և ծնողների շրջանում կարծրացած այն տեսակետն է, թե պետք չէ դեռահասների հետ քննարկել սեռական կյանքին, թմրամիջոցների օգտագործմանն առնչվող հարցեր: Մեծահասակները մտավախություն ունեն, որ այս թեմաները դեռահասների համար կարող են վաղաժամ սեռական հարաբերությունների և թմրամիջոցների օգտագործման խթան դառնալ:

Մինչդեռ, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սեռական կյանքին առնչվող հավաստի տեղեկատվության շնորհիվ երիտասարդներն ավելի ուշ են սկսում սեռական կյանքը և դրսևորում են առավել անվտանգ սեռական վարքագիծ: Տեղեկացվածությունը փորձարկման չի դրդում, այլ պաշտպանում է վտանգավոր իրավիճակներում: Տարիների ընթացքում խնդրի լրջության գիտակցումը խթանեց հետագա աշխատանքների իրականացումը: Ուսումնական հաստատություններում կոնտակտային ուսուցիչների և ակումբային դպրոցների օգնությամբ ստեղծվեց արդյունավետ համագործակցություն: Հնարավոր եղավ ստեղծել «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների լայն ցանց:

«Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները միմյանց հետ համագործակցում են դպրոցից դուրս` իրականացնելով տարբեր միջոցառումներ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված թեմաներով:

Հնգօրյա վարժանքներից հետո էլ մասնակից երիտասարդները կարիք ունեն խորացնելու ձեռք բերած գիտելիքները, ստանալու առավել մանրամասն տեղեկություններ` ինչպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող հարցերի, այնպես էլ շփման և հաղորդակցման հմտությունները զարգացնելու վերաբերյալ: «Ամառային դպրոցների» կազմակերպումը երիտասարդներին հնարավորություն տվեց լրացուցիչ գիտելիքներ և հմտություններ ստանալ` «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման ցանցի մեջ ներգրավելով ավելի մեծ թվով երիտասարդների:


Հանդիպումներ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների հետ
Վարժանքներ անցած դեռահասները փոխանցում են իրենց գիտելիքներն ինչպես համադասարանցիներին, այնպես էլ մյուս հասակակիցներին: Այդ իսկ պատճառով երիտասարդների հետ պարբերաբար հանդիպելու, այս կամ այն իրավիճակում աջակցելու, նրանց հուզող հարցերը մեկնաբանելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին, սեռավարակներին և թմրամոլությանը վերաբերող տեղեկատվական նյութեր տրամադրելու կարիք է լինում:

«Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներն ուսուցիչների օգնությամբ կազմակերպում են բեմականացված միջոցառումներ, ցուցահանդեսներ, քայլարշավներ, տեղեկատվական արշավներ և զանազան հանդիպումներ, այցելում են համայնքի մյուս դպրոցներ, ԲՈՒՀ-եր, մանկատներ, զորամասեր: «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողները ներգրավվել են ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումներում:

Ամեն տարի, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը` դեկտեմբերի 1-ին իրականացվում են տարբեր միջոցառումներ: Այդ շարքում առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց 2003թ. Գորիս քաղաքի «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողների ինտելեկտուալ բանավեճը: «Գորիսի ուսուցիչների միություն» հասարակական կազմակերպության և տեղական «Սոսի» հեռուստաընկերության աջակցությամբ իրականացվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թմրամոլության կանխարգելմանն ուղղված հեռուստաբանավեճ: «Դեմ» և «Կողմ» թիմերում բանավիճում էին Գորիս քաղաքի տարբեր դպրոցների աշակերտներ և «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներ: Բանավեճը նոր հնչեղություն հաղորդեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և թմրամոլության կանխարգելմանն առնչվող խնդիրներին: Միջոցառումների շարքում մեծ հետաքրքրություն ներկայացրեց 2005թ. դեկտեմբերի 1-ին կազմակերպած «ՁԻԱՀ-ն իմ աչքերով» խորագիրը կրող նկարների ցուցահանդես-մրցույթը:

Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի դպրոցներում կատարվեց նկարների նախնական ընտություն: Ցուցադրվեցին հավանության արժանացած նկարները: Ցուցահանդեսին ներկա էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներով հետաքրքրված տարբեր հասարակական և պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնակից դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ, համայնքի ներկայացուցիչներ: Լավագույն նկարների հեղինակները պարգևատրվեցին:

Եզրակացություն - Տարիների աշխատանքային փորձը ցույց տվեց, որ առանց պետական աջակցության «Հավասարը` հավասարին» ուսուցման մեթոդը չէր կարող արդյունավետ լինել: Ասել է թե` դպրոցական ծրագիրը և «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցումը պետք է զուգակցվեն:

Ուսուցման այս ձևի շնորհիվ երիտասարդները ձեռք են բերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին, սեռավարակներին և թմրամոլությանը վերաբերող նոր գիտելիքներ, ստանում են արդյունավետ հաղորդակցման, համագործակցության, հանդուրժողականության, կոնֆլիկտներ լուծելու, իրավիճակում կողմնորոշվելու հմտություններ և կազմակերպչական ունակություններ: Նշված գործոններն օգնում են վերանայել դիրքորոշումները կյանքի արժեքների վերաբերյալ, և ձևավորել առողջ ապրելակերպին ուղղված պատասխանատու վարքագիծ:

05 Նոյեմբեր, 2010


2010-11-05Ուշադրության պակասի և գերշարժունության ու այլ վարքագծային խանգարումների տարածվածությունը 10-12 տարեկան դպրոցականների շրջանում
2010-11-05Դպրոցականների շրջանում ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների տարածվածության ուսումնասիրություն
2010-11-05Առողջ ապրելակերպի կարևորումը երիտասարդների շրջանում
2010-11-05ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում
2010-11-05Ամառային դպրոց-ճամբար


Հայաստանում կգործի շարժական կլինիկա

2014-05-13

komaz.jpgԱյն շուտով կհասնի Հայաստան և մայիսի վերջում կսկսի գործել` բժշկական ծառայությունները մոտեցնելով բոլոր նրանց, ովքեր չեն կարող ինքնուրույն հասնել հիվանդանոց կամ մոտակա բուժկետ:

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանս

2014-05-12

logo.jpgՄայիսի 12-ին, Մոսկվայում մեկնարկեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսը:

Նոյեմբեր
2017

Երկ
Երք
Չոր
Հին
Ուրբ
Շաբ
Կիր

30
31
1
2
3
4
5

6
7
8
9
10
11
12

13
14
15
16
17
18
19

20
21
22
23
24
25
26

27
28
29
30
1
2
3