Ուշադրության պակասի և գերշարժունության ու այլ վարքագծային խանգարումների տարածվածությունը 10-12 տարեկան դպրոցականների շրջանում
Համահեղինակներ`
1. Բաբախանյան Վ.Յ.1, Գարգրցյան Լ.Ա.2, Ղազարյան Ա.Հ.3
1. «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ
2. Երևանի պետական համալսարան, անձի հոգեբանության ամբիոն
3. Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան, հոգեբանության պատմության և տեսության ամբիոն
Իրավիճակը - Վարքագծային Խանգարումները դպրոցահասակ երեխաների շրջանում առավել տարածված հոգեկան ախտահարումներից են: Դրանց տարածվածությունն աշխարհում կազմում է միջինը 5-12%: Վարքագծային Խանգարումները կարող են դեռահասների սոցիալական կենսագործունեության լուրջ խաթարումների պատճառ դառնալ: Դեռահասների մոտ Վարքագծային Խանգարումներն այսօր դիտարկվում են որպես ՄԻԱՎ վարակի հանդեպ խոցելիության ավելացման ուրույն ռիսկի գործոն, քանի որ նպաստում են ռիսկային վարքագծի ձևավորմանը:
Մասնավորապես, գիտական հետազոտությունների տվյալները վկայում են, որ Վարքագծային և այլ հոգեկան խանգարումներ ունեցող դեռահասների մոտ, առողջ հասակակիցների համեմատ, առկա է բարձր սեռական ակտիվություն` ավելի քան 2 անգամ, վաղաժամ սեռական կյանք` մինչև 14 տարեկան, անպաշտպան (առանց պահպանակի) սեռական հարաբերություններ, ներարկային թմրամիջոցների օգտագործում` 2 անգամ ավելի շատ: Նրանց 12,8%-ը առնվազն մեկ անգամ սեռավարակ է ունեցել, իսկ մոտ 50%-ը սեռական հարաբերության ժամանակ օգտագործել է ալկոհոլ ու թմրամիջոցներ:
Հայաստանում բացակայում են համակարգված հետազոտություններն ու տվյալները Վարքագծային Խանգարումների տարածվածության վերաբերյալ:
Հետազոտության նպատակը - Գնահատել Ուշադրության Պակասի և Գերշարժունության Խանգարման (ՈւՊԳԽ) և Կազմալուծված Վարքագծի Խանգարումների՝ Հակադրման Անհնազանդության Խանգարում (ՀԱԽ) և Հաղորդակցման Խանգարում (ՀԽ), տարածվածությունը 10-12 տարեկան դպրոցականների շրջանում:
Մեթոդաբանությունը - Այս հետազոտության ընթացքում 436 երեխաներից ցածր առաջադիմություն և վարքագծային խնդիրներ ունեցող 61-ն ընտրվել են հետագա ստրուկտուրացված գնահատման համար` Վանդերբիլթի գնահատման սանդղակների օգնությամբ: Վերջինս թույլ է տալիս իրականացնել Ուշադրության Պակասի և Գերշարժունության Խանգարման և Կազմալուծված Վարքագծի Խանգարումների, ինչպես նաև Տագնապայնության ու Դեպրեսիայի համալիր գնահատում:
Արդյունքները - Գնահատված 61 երեխաներից 56-ի մոտ (91,8%) հայտնաբերվել է որոշակի հոգեկան ախտահարում: Ախտորոշված 56 երեխաներից 48-ի մոտ հայտնաբերվել է Ուշադրության Պակաս և Գերշարժունության Խանգարում, ինչը կազմել է հետազոտված երեխաների ընդհանուր խմբի 11,0%-ը: Ուշադրության Պակասի և Գերշարժունության Խանգարման և Կազմալուծված Վարքագծի Խանգարումների ախտորոշում ստացած 48 երեխաներից 20-ի մոտ (41,7%) առկա է եղել Անուշադրության ենթատիպ, 4-ի մոտ (8,3%)` Գերշարժունության ենթատիպ, 22-ի մոտ (45,8%)` Զուգակցված ենթատիպ, իսկ 2 երեխա (4,2%) ստացել են Ուշադրության Պակասի և Գերշարժունության Խանգարման Չտարբերակված ախտորոշումը:
Ուշադրության Պակասի և Գերշարժունության Խանգարման ախտորոշում ստացած երեխաների 72,9% եղել են տղաներ: Նույն (ՈւՊԳԽ) ախտորոշումը ստացած 26 երեխայի մոտ (54,2%) հայտնաբերվել են Կազմալուծված Վարքագծի Խանգարումներ (ՀԽ և/կամ ՀԱԽ), իսկ 9-ի մոտ (18,8%)` Տագնապայնություն կամ Դեպրեսիա:
Եզրակացություն - ՈւՊԳԽ տարածվածությունը Երևանի հանրակրթական դպրոցների 5-7-րդ դասարանների 10-12 տարեկան աշակերտների շրջանում կազմում է 11%:
Կազմալուծված Վարքագծի Խանգարումների (ՀԽ և/կամ ՀԱԽ) տարածվածությունը կազմել է մոտ 6%: Վարքագծային Խանգարումների հիմնական համաճարակաբանական ու կլինիկական բնութագրերը չեն տարբերվում այլ երկրներում կատարված հետազոտությունների ցուցանիշներից:
Այդ երեխաների շրջանում ժամանակին կազմակերպված հոգեբանա-սոցիալական աջակցության միջոցառումները կարող են ապագայում էապես նվազեցնել սոցիալ-կենսաբանական ռիսկերը:
05 Նոյեմբեր, 2010
| 2010-11-05 | Դպրոցականների շրջանում ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների տարածվածության ուսումնասիրություն |
| 2010-11-05 | Առողջ ապրելակերպի կարևորումը երիտասարդների շրջանում |
| 2010-11-05 | ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում |
| 2010-11-05 | «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցումը ՀՀ ուսումնական հաստատություններում |
| 2010-11-05 | Ամառային դպրոց-ճամբար |


Մայիսի երրորդ կիրակի օրը` այս տարի ամսի 20-ին, ողջ աշխարհը նշում է ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրը: «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ «Հավասարը` հավասարին» մեթոդով կրթողներն ամեն տարի այս օրը նշանավորում են տեղեկատվական միջոցառումներով, մոմավառության արարողությամբ և «քվիլթ» կարելով:
Մայիսի 11-ին, Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ ներկայացուցիչների հանդիպումը տեղի «Հավասարը` հավասարին» մեթոդով 15 կրթողների հետ:
